National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.12.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին 2010 թ. կատարած աշխատանքը
1 / 7

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական 6 հանձնաժողովների ճեպազրույցները, որոնց ընթացքում հանձնաժողովների նախագահները ներկայացրեցին 2010 թ. կատարած աշխատանքը:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թ. գործունեությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հաշվետու տարում հանձնաժողովի կողմից ընթացք է տրվել 13 օրենքների նախագծերի, հանձնաժողովի դրական եզրակացությամբ Ազգային ժողովն ընդունել է 3 օրենքներ` «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ  կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական  իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջին ընթերցմամբ ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգում են գտնվում երկու օրենքների նախագծեր, ԱԺ չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում` մեկ օրենքի նախագիծ, շրջանառության մեջ են գտնվում վեց օրենքների նախագծեր: Նշվեց, որ հանձնաժողովի ղեկավարները եւ փորձագետները մասնակցել են մի շարք կլոր սեղանների եւ քննարկումների: Հանձնաժողովում տեղի են ունեցել մի շարք օրենքների նախագծերի եւ հանրությանը հուզող հարցերի շուրջ քննարկումներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ 2010 թ. հանձնաժողովը հրավիրել է  13  նիստ: Այս պահին շրջանառության մեջ են 51 օրինագծեր, որոնցից 31-ը ընդգրկվել են ԱԺ նստաշրջանի օրակարգում, 6-ը` ընդունվել են առաջին ընթերցմամբ, 20-ը` հանձնաժողովում քննարկման փուլում են։ Հաշվետու տարում հանձնաժողովը կազմակերպել է 5  խորհրդարանական լսումներ «Ավագ դպրոցի ներդրման եւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետեւանքներն ու առկա հիմնախնդիրները», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գրադարանների եւ գրադարային գործի մասին», «Փաստաթղթերի  (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկման նպատակով:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը եւս ներկայացրեց իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը 2010 թվականին: Նշվեց, որ հանձնաժողովը համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի գրասենյակների, ինչպես նաեւ ՀՀ-ում հավատարմագրված այլ դիվանագիտական եւ միջազգային կազմակերպությունների հետ: Հանձնաժողովում քննարկված կարեւորագույն օրինագծերից նա առանձնացրեց երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի քանի նախագծեր, որոնք ուղղված են հեռուստաեթերի բովանդակության եւ երեխայի ու առհասարակ ընտանիքի բարոյահոգեբանական խնդիրներին, դրա ազդեցության կարգավորմանը, երեխաների ծնունդների գրանցմանը: Տեղեկացվեց, որ 2009 թ. դեկտեմբերից ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի կողմից երկու անգամ կազմակերպված խորհրդարանական լսումների, ինչպես իր գլխավորած հանձնաժողովի, ՀՀ արդարատատության նախարարության եւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում լրամշակվել է ու ընդգրկվել ԱԺ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերում: Հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է կազմակերպել նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ հետազոտության շրջանակներում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ամփոփելով 2010 թվականին գլխավորած հանձնաժողովի աշխատանքները, նշեց, որ խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել 28 օրենքների նախագծեր, միջազգային 4 պայմանագիր։

Կարեւորվեց նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության եւ  «ՀՀ 2011թվականի պետական բյուջեի մասին» օրենքի քննարկումներն ու ընդունումը, ինչպես նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը 2011 թվականի հունվարի մեկից ուժի մեջ կմտնի, որը բխում է բոլորի շահերից եւ առաջին անգամ օրենսդրորեն կարգավորում է ոլորտը։

Պարոն Մինասյանն անդրադառնալով «Ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման մասին» օրենքի նախագծին ասաց, որ այն կյանքի կոչվելով էականորեն կնպաստի մեր քաղաքացիների ավանդների վարկավորամանը ու անվտանգությանը։

«Ներքին աուդիտի մասին» օրինագծով ստեղծվում է նոր կառույց, որը կգործի բոլոր պետական մարմիններում եւ որի շնորհիվ հիմնարկի ղեկավարը հնարավորություն կստանա տեղեկատվություն ստանալ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ։

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանն ամփոփելով գլխավորած հանձնաժողովի աշխատանքները, կարեւորեց հանրապետության մարզերում տեղի ունեցած արտագնա նիստերը, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները մոտիկից են ծանոթացել տվյալ համայնքի խնդիրներին, լսել բնակչության բարձրացված հարցերը։

Պարոն Մարգարյանն անդրադարձավ իր գործընկերների հեղինակած «Փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» օրենքի նախագծին, որի շնորհիվ շուրջ 15 հազար ընտանիք օգտվել է օրենքով ընձեռնված հնարավորությունից եւ կարգավորել խնդիրները։

Հովհաննես Մարգարյանը կարեւորեց նաեւ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ 2011 թվականին գլխավորած հանձնաժողովը շարունակելով իր գործունեությունը, մարզերում կգումարի արտագնա նիստեր, նախաձեռնել են լուրջ բարեփոխումներ կատարել «Համատիրության մասին» օրենքում։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը 2010 թվականին գլխադասային է եղել 9 տասնյակ օրինագծերի, որոնք քննարկվել եւ ընդունվել են խորհրդարանի կողմից։

Գնահատելով հանձնաժողովի աշխատանքը, պարոն Այվազյանն ասաց, որ իրականացվել է հսկայածավալ աշխատանք։ Կարեւորվեց պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական առաջարկությունները, որոնք հիմնականում ուղղված են եղել փոքր  եւ միջին բիզնեսի օրենսդրական դաշտի զարգացմանը։

Հարկային բեռի ավելացում այս ոլորտում 2010 թվականին չի եղել։

Հարկային վարչարարության ոլորտը բարեփոխելուն ուղղված 2010թվականին 30-ից ավելի օրինագծեր են փոփոխվել եւ կյանքի կոչվել։

Կարեւորվեց առաջիկայում քննարկվելիք «Ընդերքի մասին» եւ այլ կարեւոր նախագծերի քննարկումը, որոնք հնարավորություն կընձեռեն հիմնովին  բարելավել  ոլորտների օրենսդրական դաշտը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am